34-ամյա դսեղցին Դսեղի հարակից տարածքից բենզասղոցով 2 ծառ էր հատել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ հաջորդ օրը գրանցեցին: Օգոստոսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգեցին Գարգառ գյուղի 45-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 մ/խ փայտանյութով:

Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չուներ: Ոստիկանները պարզեցին, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով 2 ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ժամերի անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված էր շուրջ 3 մ/խ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չներկայացրեց:

Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով 2 ծառ էր հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը», տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր: