Գառնիի ձորում Нива-ի վթարից և հրդեհից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը նույնպես մահացավ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Հասարակություն

Երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցութան չգալով՝ մահացել է Գառնի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորայր Լևոնյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 20-ին Գառնիի ձորում իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ձորը գլորվելու և մեքենայում առաջացած հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալու պատճառով։

Նույն օրը նրա հետ հիվանդանոց էր տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ զբոսաշրջիկ, 31-ամյա Անտոն Կուլյամինը, ով հաջորդ օրը նույն կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի վայր ժամանած հրշեջները, ոստիկաններն ու քննիչները Նիվայի մեջ հայտնաբերել էին Ա. Կուլյամինի կնոջ՝ ամբողջությամբ այրված դին, ում ինքնությունը պարզվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: 

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: 

Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի Jeep մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել էր այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: