Հայաստանի իշխանությունը ճնշում է գործադրում Քոչարյանի գործով դատավորների վրա․ «РЕН ТВ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Քոչարյան
«РЕН ТВ» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը դատավորների վրա ճնշում է  գործադրում։

«Արդարադատությունը մեկ անգամ չէ, որ նրան անմեղ է ճանաչել, սակայն իշխանությունն անընդհատ նոր պատճառներ են գտնում Քոչարյանին ճաղերի ետևում պահելու համար: Այժմ նրանք ուղղակիորեն դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրգործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,- նշվում է լրատվամիջոցի հոդվածում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2008-ի մարտին նախագահական ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների էին վերածվել, ամբոխը սկսել էր ջարդել, այրել խանութները, ծեծել ոստիկաններին, իսկ Քոչարյանը, որն այդ ժամանակ երկրի ղեկավարն էր, ճգնաժամը դադարեցնելու համար արտակարգ դրություն էր մտցրել:

«Ստացվում է, որ Փաշինյանը, որն այն ժամանակ ճաղերի ետևում էր, վրեժ է լուծում՝ փորձելով հասնել նրան, որ Քոչարյանը մեղավոր ճանաչվի իշխանության ուզուրպացիայի համար: Անհեթեթ է հնչում. երկրի գործող նախագահն արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ուներ, դրա համար էլ դատավորները փորձում են հանել մեղադրանքը, Փաշինյանը, սակայն, թույլ չի տալիս»,- նշում է հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ ՍԴ անդամներին, մինչև մահ բարձր կենսաթոշակով գայթակղելով, առաջարկվում է ինքնակամ հեռանալ, որպեսզի նրանց փոխարինեն ավելի կառավարելի կադրեր։  

«РЕН ТВ»-ն նաև նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել ԶԼՄ-ներին, օրենսդիր և գործադիր մարմիններին, իսկ այժմ ամեն ինչ գնում է դեպի դատարանների անկախության վերացում: