ԱՆ-ն հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հասարակություն

Կառավարությունն հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության բնագավառում առկա բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրների լուծման նպատակով առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ:

Այսպիսով` առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում: