ԵԱՏՄ-ն և Իրանը հոկտեմբերից կանցնեն արտոնյալ պայմաններով առևտրի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Տիգրան

Oգոստոսի 28-ին` ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում,  ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։

Ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, ըստ ձեռքբերված համաձայնության,  կսկսի գործել 2019-ի հոկտեմբերի 27-ից։

«Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը ԵՏՀ գործունեության շրջանակում առաջնային է, հայտարարել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները։ Սա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ՝ բանակցելու մեր իրանցի գործընկերների հետ: Եվ այսօր մեզ համար կարևոր օր է, քանի որ ստացել ենք պաշտոնական հաստատում, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի շատ շուտով», - նշել է ԵՏՀ խորհրդի նախագահը:

Իր հերթին Մեհդի Սանային կարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու հատկապես Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումը վերջնական արդյունքի հասնելու գործում: 

«Սա նաև շատ կարևոր պայմանագիր է Իրանի համար, որը, վստահ եմ, մեծ օգուտ կբերի մեր ժողովրդին, մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներին: Բանակցությունները հեշտ չէին, բայց այժմ դրանք հաջողությամբ ավարտվել են: Համաձայնագիրը ստորագրվում և վավերացվում է: Արդյունքն ակնհայտ է», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ գործակցությունը, այդ թվում` համաձայնագրի իրագործման ուղղությամբ:

Գործարար երկխոսության աշխատանքի ձևաչափով սկսվել է նաև մաքսային ծառայությունների միջև գործակցության խորացման շուրջ երկխոսությունը, որի արդյունքում ևս նախատեսվում է համաձայնագիր կնքել:

Սանային առաջարկել է նաև Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որպեսզի իրանցի ձեռնարկատերերին ներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու առավելությունները: