Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուս»-ի մեջ բյուրեղանման զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ «Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություններն իրացվել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների աջակցությամբ: Օգոստոսի 28-ին՝ ժամը 02.26-ին, կանգնեցվել է Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուսը»՝ վարորդի և ուղևորի ինքնությունը ստուգելու նպատակով: Երևանցի տղամարդկանց ինքնությունը ճշտելուց հետո սահմանապահ զորքերի հենակետում զննվել է «Լեքսուսը»:

Ավտոմեքենայի տակից՝ առջևի անիվի հետնամասից հայտնաբերվել է իրանական արտադրության ծխախոտի տուփ, որի մեջ սպիտակ գույնի, առանց հոտի բյուրեղանման 39.46 գրամ զանգված էր: Ըստ 37-ամյա երևանցու՝ զանգվածը եղել է իր մոտ, ինքն է այն նետել մեքենայի տակ: 
Նույն օրը կազմված փաստաթղթերն ու փաթեթավորված բյուրեղանման զանգվածը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին, երկու երևանցին բերման են ենթարկվել:

Նշանակվել են դատակենսաբանական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: