Քրեական հետապնդման ենթարկվող ոստիկանը զրկվում է ծառայությունից ազատվելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Իրավական

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:

«Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքների խնդրահարույց դրույթների քննությունը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերին։