Լավ լուր մեր քաղաքացիների համար. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հասարակություն

Լավ լուր մեր քաղաքացիների համար. ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ընդամենը երկու օրից՝ սեպտեմբերի 1-ից սկսած, մեր քաղաքացիները կարող են դիմել ՑԱՆԿԱՑԱԾ ՔԿԱԳ տարածքային մարմին կամ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու (ծնունդ, ամուսնություն, հայրության որոշում և այլն ), դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար: Հիշեցնեմ, որ նախկինում քաղաքացին պետք է պարտադիր դիմեր իր տարածքային ՔԿԱԳ մարմին՝ նշածս ծառայությունները ստանալու համար:

Այս ոլորտում մյուս կարևոր բարեփոխումը վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային վկայականները, վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքներն ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափով քաղաքացիներին տրամադրելուն:

Ի՞նչ է սա նշանակում. քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքները ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:

Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն ենք ընձեռում մշտապես ունենալ իր վերաբերյալ ՔԿԱԳ մասին վկայականները և տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ և տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում», – ասված է գրառման մեջ: