ՀՀ ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Իրավական

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով կարճատև տեսակցությունից վերադարձած դատապարտյալ Թ. Գ-ին, վերջինիս գուլպայից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.64 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով, բջջային հեռախոսի 8 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 5 լիցքավորման սարք և 1 ականջակալ, 3 USB լար, կտրող-ծակող 16 գործիք, 36 խաղաքարտ, 15.000 ՀՀ դրամ և պարանով ամրացված 1 պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ:

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, բջջային հեռախոսի 2 ականջակալ և 1 լիցքավորիչ, 1 տրցակ խաղաքարտ, դաջվածքի ինքնաշեն սարք:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: