28 տարում Արցախն ապացուցել է՝ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ աշխարհում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արցախ

Անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում: Այս մասին ասված է Արցախի անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում:  

«Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն: Ես մշտապես նշել եմ և շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է աշխատանք տանեն հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: 

Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս: Շնորհավորում եմ արցախցիներին և ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ»,-ասել է Արման Թաթոյանը:  

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս