Վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն:

Պարո՛ն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղն անկախացել է դեռ 1988 թ․-ին:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:

Իսկ 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Ի գիտություն Փաշինյանի` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991 թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988 թ․-ին:

Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:

Իսկ այսօր`1991 թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ):