Հանել ԶԼՄ-ների հավատարմագրումն ավագանու աշխատանքը լուսաբանելիս․ ԼՀԿ առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԱՆԻ

Լրագրողների իրավունքները քաղաքապետարանում աշխատելիս առավելագույնս ապահովելու համար ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԼՀԿ-ն մի քանի առաջարկ է արել: 

«Առաջարկվում է հանել լրագրողների հավատարմագրումը, քանի որ սա հակասում է ԶԼՄ մասին օրենքին, որի համաձայն՝ ՏԻՄ-ում չի պահանջվում լրագրողներին հավատարմագրել, և այսուհետ լրագրողները կարող են աշխատել առանց հավատարմագրման», - նիստի ժամանակ ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս պատգամավորը նկատել է, որ փոփոխություններն ուղղված են ավագանու նիստերը լուսաբանելու ժամանակ լրագրողների անկաշկանդ աշխատանքն ապահովելուն:

«Լրագրողների համար առանձին տարածք հատկացվեց նիստերի դահլիճից հեռու, որը խոչընդոտում է ավելի օբյեկտիվ լուսաբանմանը: Եկանք այն համաձայնության, որ հատուկ տեղը կմնա, սակայն այն կլինի նիստերի դահլիճին կից՝ թափանցիկ, արգելապատնեշով, որպեսզի նրանք կարողանան անմիջական մասնակցություն, տեսադաշտ ունենալ ավագանու նիստերի ընթացքում», - ասել է Սամսոնյանը:

Հանձնաժողովը հաստատել է նախագիծը․ այն երկրորդ ընթերցմամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։