«Պիտի ամեն օր զբաղվենք ինքնակրթությամբ»․ Դավիթ Տոնոյանի շնորհավորանքը՝ Գիտելիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Գիտելիքի օրվա առթիվ ուղերձ է հղել: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՜ զինվորներ, սպաներ, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսներ, կուրսանտներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, տոն, որը խորհրդանշում է մարդկության մշտական ձգտումը դեպի ուսումը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:

Երկիրն ու ազատությունը պաշտպանում են հայրենասիրության, արիության ու գիտելիքների միահյուսմամբ: Գաղտնիք չեմ լինի բացահայտած, եթե ասեմ, որ աճող սերնդի կրթության կազմակերպումն ու հայրենասիրական դաստիարակությունը որչափ բարդ, նույնքան պատասխանատու գործ են: Սա մեծապես վերաբերում է նաև ռազմական կրթությանը, քանզի դրանով է պայմանավորված մեր բանակի վաղվա օրը, և այս ասպարեզում առկա թերացումները մենք ընկալում ենք որպես ուղղակի սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Միանալով այս օրերին ամենուր հնչող շնորհավորանքներին՝ մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումների, ստեղծագործական մտքի ու ուսումնական նոր բարձունքների նվաճման տարի: Քանակին որակ, սպառազինության մրցավազքին մասնագիտական պատրաստություն և խելացի գործողություններ հակադրելու համար պիտի բանակային մեր ամբողջ գործունեության հիմքում դնենք գիտելիքը ու ամեն օր զբաղվենք ինքնակրթությամբ՝ որպես նշանաբան ունենալով մեր ընտրած «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...» սկզբունքը:

Եվ ամեն անգամ, երբ կարողանանք մի նոր քար ավելացնել մեր մեծ ու միասնական տան` Հայրենիքի նվիրական կառույցին, նրա սահմանների պաշտպանության ամրապնդման գործին բերենք մեր նպաստը, այն կդառնա մեր աշխատանքի և նվիրումի իրական գնահատականը: Գիտելիքը զենք է ու նաև ստեղծող, արարող ուժ, և բոլորիս մաղթում եմ կարողություն, եռանդ ու կամք՝ այն ի սպաս դնելու մեր երկրի պաշտպանությանը, հզորացմանն ու մեր համազգային իղձերի իրականացմանը: