50-ամյա տղամարդն Իրանի քաղաքացու աշխատասենյակից դրամապանակ էր գողացել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քննչական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին:

2019 թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով իր աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է 15.400 ԱՄՆ դոլար և 4.006.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում   փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1969 թվականին: Վերջինս հայտնաբերվել է, հարցաքննվել և նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում վերջինս հանգամանորեն ներկայացրել է հափշտակություն կատարելու ողջ հանգամանքները:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 50-ամյա տղամարդը 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով գրասենյակում մարդ չլինելու հանգամանքից, բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գրասենյակ և այնտեղ գտնվող պահարանից գաղտնի հափշտակել է դրամապանակ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի պարունակությամբ և դիմել փախուստի, իսկ հափշտակված գումարը ծախսել իր անձնական կարիքների համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի ապացույցների արդյունքում պարզվել է նույն անձի կողմից նախկինում ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի մասին ևս, որի վերաբերյալ, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  հարուցվել և քննվում է ևս մեկ քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող կազմակերպության աշխատասենյակներից մեկը, որտեղից գաղտնի հափշտակել է «Այֆոն 6» ապրանքանիշի բջջային հեռախոս, որից հետո այն վաճառել է իրեն անծանոթ անձի, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսել անձնական կարիքները հոգալու համար:

Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափերի գումարը և բջջային հեռախոսը հայտնաբերելու, ինչպես նաև վերջինիս կողմից կատարված այլ հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախկինում 11 դրվագ գաղտնի հափշտակություններ կատարելու համար 27 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրելուց հետո 2018թ. նոյեմբերի 1-ին համաներման ակտի ընդունման հիմքով ազատվել է պատժի կրումից: Հատկանշական է, որ դրանից հետո նա շարունակել է իր գործունեությունը և զգալի չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու համար դատարանի վարույթում քննվող քրեական գործերով հանդիսանում է ամբաստանյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը և կատարել նմանատիպ հերթական հանցագործությունները:

Նախաքննությունը շարունակվում է: