ԱՄՆ իշխանությունը ՀՀ իշխանության առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից. «168 ժամ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սիրիա

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ:

Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից:

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019 թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը:

Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից:

Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Վերջինիս մտահոգել է՝ ինչ պատասխանել ԱՄՆ-ին: Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին:

Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձ են արել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին:

Թե ինչ կորոշի և ինչպես կպատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: