Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը ՄԻՊ-ի աջակցությամբ հեռացվել է համացանցից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակություն

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարեւանն էր» վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձեւակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձեւավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաեւ համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձեւավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։