Դավիթ Տոնոյանը հերքել է ԱՄՆ-ի պահանջով հայկական զորախումբը Սիրիայից հանելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Դավիթ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է այն լուրը, թե ԱՄՆ կառավարությունը հայկական զորախումբը Սիրիայից հանելու պահանջ է դրել ՀՀ իշխանության առջև:

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, ապա տեղեկացրել, որ այդ թեմայով որևէ քննարկում չի եղել։

Ավելի վաղ «168 ժամը» գրել էր․ ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ»:

Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած պայթյունին Դավիթ Տոնոյանն ասել է, որ տեղում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահները պատրաստության բարձր աստիճանի են բերված։

«Կատարելու են այն, ինչ իրենց վերադասը հրամայի, ոչ մի խնդիր չկա մեր խաղաղապահների հետ», - ասել է Դավիթ Տոնոյանը։