«Չենք փախչում մեր խնդիրներից, գիտենք մեր թույլ կողմերը»․ ԱԳ նախարարի արցախյան ճեպազրույցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Արցախում, ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույց է տվել, որի շրջանակում անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության, ինչպես նաև 2 պետությունների ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին։

Անդրադառնալով ԼՂ համակարտությանը՝ Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցն առաջին հերթին մարդու հարց է, այն է՝ մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցը, և որ հայկական կողմն իրականացնում է քաղաքականություն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։

«Խաղաղությունն այլընտրանք չունի, և մենք այս կետը պնդում ենք՝ հիմնվելով առաջին հերթին այն ինքնավստահության վրա, որ Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, խաղաղության շուրջ աշխատելու համար, բավական կարողություն՝ պաշտպանվելու և խաղաղության օրակարգն առաջ տանելու»։ 

Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին հետ բերելու թեմային անդրադառանալով՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ շարունակում է մտահոգիչ մնալ Կարեն Ղազարյանի ճակատագիրը։ 

«Այս նոր իրավիճակը, իհարկե՛, նույնպես պահանջում է շատ զգուշություն, որովհետև, մարդկային կյանքերի հետ գործ ունենք, և մարդու ճակատագրի հետ գործ ունենք։ Սա շատ մտահոգիչ է, շատ անհանգստացնող, և շարունակելու ենք առավելագույնս գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի լուծումներ գտնենք»,-ասել է ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգի հարցերին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայկական ներուժի համախմբումը։

«Պարզունակ միասնության մասին չէ խոսքը։ Այլ մեր ազգային կարողությունների ճիշտ օգտագործման, համալրման, որոնք, կարծում եմ, որ միակը չեն․ սա մեր ազգային կոնսենսուսն է, որ մենք կարող ենք դա անել․․․ Ունենք հեղինակություն, ճանաչելիություն և ունենք հարգանք, և այդ ամենը հաշվի առնելով՝ չենք փախչում մեր խնդիրներից, գիտենք մեր թույլ կողմերը, գիտենք մեր խնդիրները։ Բայց բոլոր դեպքերում միանշանակ է, որ մեր հավաքական ներուժը ամուր է և ուժեղ է, որպեսզի նպաստի մեր համազգային օրակարգի առաջ մղմանը», -ասել է ԱԳ նախարարը։ 

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև․