Դինքի գործով դատավարությունը ձգձվում է 12 տարի․ սեպտեմբերին հերթական դատական նիստն է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հրանտ

Սեպտեմբերի 4-6-ը Ստամբուլի դատարանում շարունակվելու է «Ակօս» թերթի հիմնադիր, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը, որում ներգրավված է 76 մեղադրյալ: Շարունակվելու է վկաների ցուցմունքները լսելու գործընթացը:

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում  գրել է, որ Հրանտ Դինքի ընկերները 12 տարի անց էլ արդարություն են փնտրում: 

«Որպես Հրանտի ընկերներ՝ դատական գործի 95-րդ նիստի ժամանակ էլ արդարություն ենք փնտրում: Սպանության մեջ պատասխանատվություն կրող քաղծառայողները դեռևս արդյունավետորեն չեն դատվում: Քանի դեռ պետության մեջ եղած «սպանի՛ր» ասող ավազակախումբը պատասխան չի տվել, այն շարունակելու է սպանել»,- գրել է Փայլանը

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի։