Սպանությունից առաջ Ստամբուլի նախկին փոխնահանգապետը Դինքին հասկացրել էր, որ «չափը ճանաչի»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Դինք
«Ermenihaber»-ը գրում է, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը:

Նա պատմել է 2004 թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև MİT-ի աշխատակիցները։ Սակայն նախկին փոխնահանգապետը պնդել է, որ հանդիպումը եղել է պաշտոնական քաղաքավարության շրջանակներում և այդ ընթացքում որևէ սպառնալիք չի հնչեցվել։

«2004 թ․ փետրվարին Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ հայ դպրոցների թիրախավորման դեմ  ներկայացրած դիմումի հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր։ Այնուհետև «Ակօս» թերթում հարպարակվել էր Դինքի հոդվածն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը հայ է, ինչը հանրության շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել։ Այդ զարգացումների ֆոնին հետախուզական ծառայության պահանջով հանդիպում կազմակերպեցինք՝ այդ թեմաների նրբությունները քննարկելու համար», – պատմել է նախկին փոխնահանգապետը։  

Այնուամենայնիվ, Գյունգյորը խոստովանել է, որ այդ «քաղաքավարի» հանդիման ընթացքում ինքը հետախուզության աշխատակիցներին՝ Օզել Յըլմազին և Հանդան Սելչուքին Դինքին, ներկայացրել է որպես իր ազգականներ։ Ապա զգուշացրել է Դինքին, որ նրա հոդվածը զայրույթ է առաջացրել ժողովրդի շրջանում, ինչը կարող է վտանգավոր լինել հայկական համայնքի համար։ Նախկին փոխնահանգապետի խոսքով՝ անմիջականորեն Դինքին ուղղված որևէ սպառնալիքի մասին խոսք չի եղել, խոսքը եղել է հայ համայնքի համար զգայուն թեմաների մասին։ Դինքին առաջարկվել է ավելի զգույշ լինել հոդվածներ գրելիս՝ հանրային բացասական արձագանքներից խուսափելու համար։

Աղբյուրը հիշեցնում է, որ Հրանտ Դինքն ավելի ուշ մի հոդվածում պատմել էր Ստամբուլի փոխնախանգապետի հետ իր հանդիպման մասին։ Հոդվածը հրապարակվել էր հանցագործությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 2007 թ․ հունվարի 12-ին, «Ինչո՞ւ թիրախավորվեցի» խորագրով։ Հոդվածում Դինքը պատմել է նահանգապետարանից ստացված անսպասելի զանգի ու հրավերի, պաշտոնական, քաղաքավարի ոճով հրամցված զգուշացումների մասին՝ հոդվածը եզրափակել հետևյալ խոսքերով․ «Ինձ հասկացրեցին՝ պիտի չափս ճանաչեմ․․․ Զգույշ լինեմ ․․․ Թե չէ՝ լավ չի լինի ․․․»։

Ըստ աղբյուրի՝ Հրանտ Դինքի սպանության քրգործով անցնող 76 մեղադրյալի թվում կան մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Ստամբուլի անվտանգության նախկին պետ Ջելալէթթին Ջերահը, Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը, անվտանգության գլխավոր վարչության հետախուզության բաժնի նախկին տնօրեններից Ռամազան Աքյուրեքը, Սաբրի Ուզունը, Էրգին Դինչ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզը և այլք։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս