Բրիտանական կառավարությունը կրկին խորհրդարանին կառաջարկի վաղաժամկետ ընտրություն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրկին Միացյալ Թագավորության խորհրդարանին առաջարկ կներկայացնի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտարարել Է Համայնքների պալատի առաջնորդ, բրիտանական խորհրդարանի ստորին պալատում կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ Ջեյկոբ Ռիս-Մոգը:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը: Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար, Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ օրինագիծը, որը վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը կպարտավորեցնի Եվրամիության կազմից երկրի դուրս գալը հետաձգել երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, կարող Է խորհրդարանական հավանության ամբողջ ընթացակարգն անցել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի տվյալներով՝ լույս հինգշաբթի գիշերը կառավարությունը հետ Է կանչել օրինագծի քննարկման իր առարկությունները, ինչը նշանակում Է, որ օրենսդիր մարմնի վերին պալատում՝ Լորդերի պալատում, օրինագծի շուրջ լսումները կավարտվեն սեպտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը մինչեւ 17:00-ն, ինչից հետո այն կվերադառնա՝ ստանալու Համայնքների պալատի վերջնական հավանությունը։