Քաղցկեղ ունեցողներին հորդորում ենք զերծ մնալ այլընտրանքային բժշկությունից․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

կաղցկեղ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ քաղցկեղ ունեցող քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ այլընտրանքային բժշկության դիմելուց: Ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը: 

«Քաղցկեղի առաջացման և բուժման մասին պարբերաբար խոսվում է մասնագետների և ոչ միայն մասնագետների լայն շրջանակում` գիտական և ոչ գիտական մեթոդների, հետազոտությունների մասին տարբեր նյութեր  հրապարակելով:

Քաղցկեղ ունեցողների մի մասն այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր է կապում: Այս պարագայում, նրանց առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն, որ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում` կորցնելով թանկագին ժամանակը։

Հարկ է նշել, որ այլընտրանքային բուժման մեթոդներն ապացուցողական հենք չունեն և արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել: Չնայած դրան` շատերը քաղցկեղ ունեցողներին խորհուրդ են տալիս անհեթեթ տարբեր միջոցներ կիրառել`  «բուժման» կուրս անցնել, ինչն ավելի է խորացնում հիվանդությունը։

Այսպիսով` խորհուրդ ենք տալիս տուրք չտալ հակագիտական տեսություններին, դրանց կուրորեն հավատացող մարդկանց առաջարկում ենք տարբերել իսկական բժշկական գիտությունը կեղծից, ճիշտ գնահատել այլընտրանքային բուժման միջոցների արդյունավետությունը, գիտակցել դրանից բխող հետևանքներն ու վնասները:

Առողջապահության նախարարությունը բազմիցս անդրադարձել է այսօրինակ խնդիրների, և նման դեպքերից խուսափելու համար դարձյալ հորդորում ենք` ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմել բժշկի` զերծ մնալով ինքնակոչ «մասնագետների» ու հեքիմների ծառայություններից:

Գնահատեք ձեր առողջությունը»: