Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008թ.-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ.-ից մինչև 2018թ. հունվար-փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում նշված ՀՈԱԿ-ի գանձապահից պահանջել է իրեն տալ ՀՈԱԿ-ի հսկիչների կողմից Մեծամոր քաղաքի բնակչությունից հավաքագրված և գանձապահին առձեռն հանձնված, Մեծամորի քաղաքապետարանի համապատասխան հաշվեհամարին փոխանցման ենթակա` աղբահանության և բնակվարձերի գումարներից` խոստանալով ետ վերադարձնել դրանք:

Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակել է գանձապահի կողմից իրեն առձեռն հանձնված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 9.331.597 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: