Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 6-ին  ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, դեսպան Բոլբոչանն ասել է, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորել են Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:

Զրուցակիցները քննարկել են նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր: