ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ 2-րդ նախագահի պաշտպանական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի երեկ հրապարակված որոշումը և արել իր եզրակացությունը՝ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Սահմանադրական դատարանի որոշման մեջ կան իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ պարոն Քոչարյանը առ այս պահը ապօրինաբար է գտնվել կալանքի տակ և առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ վկայակոչելով ՍԴ հանգուցային դրույթը՝ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»։

Փաստաբանը սրանից հետևյալ եզրահանգումն է արել. «Սահմանադրական դատարանն այսպիսով ասում է, որ չկա մի այնպիսի մարմին կամ ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին վերագրվող քրեական գործողությունները բխում են նրա կարգավիճակից, թե ոչ։ Այսինքն՝ սրանից հետևություն՝ եթե չկա այդպիսի մարմին, որ այդ հարցին կարող է պատասխան տալ, չի կարող օրինական լինել Վերաքննիչ կամ որևէ այլ դատարանի որոշում, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»։

Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է բոլոր դատարանների համար՝ ընդգծեց Ալումյանը։