Ինձ կողոպտելը կապում եմ իմ հրապարակային գործունեության հետ․ Ստյոպա Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Երևանի իր տան շքամուտքում հարձակվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի վրա․ քաղաքագետը վստահ է, որ դա առնչվում է իր հրապարակային գործունեությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանն ու ընդգծեց, որ կասկածներ ունի, թե որ ճամբարից է եղել այս հարձակման կազմակերպումը, և իր ենթադրությունները ներկայացրել է ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, 10։40-ի շրջանակում։ Ստյոպա Սաֆարյանը շքամուտքում մենակ է եղել։ Երկու անծանոթ անձ է մոտեցել իրեն, մեկն իրեն հրել է, մյուսը՝ ձեռքից հափշտակել է iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը։ 

Քաղաքագետին իր աջակցությունն է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սիրելի՚ քաղաքացիներ, ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել:
Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:

Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։

Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։