Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել․ Բոսնիայի և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 7, 24News

Ռոբերտ Պրոսինեչկի

Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել: Այս մասին հայտնել է  Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին։

«Սարաևոյում կայացած առաջին խաղում Հայաստանի ընտրանին խնդիրներ ստեղծեց պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ: Մենք  հետևել ենք հույների և իտալացիների դեմ խաղերին, որտեղ Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Պրոսինեչկին:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:

Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: