Չունենք Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Տնտեսական

Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Նա կրկին նշել է, որ հանքավայրը չի շահագործվի, եթե լինի նվազագույն վտանգ շրջակա միջավայրի՝ օդի, ջրի կամ հողի աղտոտման։ Սակայն, ըստ նրա, այս պահին չկա Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։

«Հիմա շահագործող ընկերությունն ասում է, որ երաշխավորում է անվտանգությունը։ Մենք ասում ենք՝ հասկանու՞մ եք, չէ՞, որ եթե չպահվի, հանքը տեղում կփակվի՝ տեղում չէ, էլի, 90 օրվա ընթացքում։ Ասում են՝ այո»։

Վարչապետը կրկնեց, որ չի կարող հաշվի չնստել տնտեսական հանրության մտահոգությունների հետ։ «Մենք չենք կարող արհամարհել նաև անվտանգության ոլորտի անհանգստությունները»,- նշեց Փաշինյանը։ 

Ջերմուկ քաղաքի բնակիչներին վարչապետը խնդրեց, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

«Հանձնարարական եմ տվել արդեն տեսչական մարմնին՝ սկսել ստուգումներ։ Տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի այն փաստերը, որ հրապարակված են։ Եվ ես ուզում եմ նշել, թե այդ ստուգումների արդյունքում տեսականորեն ինչ կարող է լինել՝ տարբերակ մեկ՝ խախտումներ չկան, տարբերակ երկու՝ կան խախտումներ, բայց դրանք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների (այս դեպքում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի լինի), տարբերակ երեք՝ դրանք հնարավոր է վերացնել նախագծի փոփոխությամբ (և եթե նոր նախագծի մասին է, ուրեմն պետք է նաև նոր ՇՄԱԳ)։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա նախաքննությունը»,- ասաց նա։ 

Փաշինյանը խոսեց նաև Ամուլսարի գործը քննող Յուրա Իվանյանի և նախկին Բնապահպանության նախարարի ազգակցության մասին։ «Երբ գործը հայտնվել է Իվանյանի վարույթում, նա իր վերադասին զեկուցել է, որ նախկին բնապահպանության նախարարի հետ ազգակցական կապեր ունի։ Նրա վերադասը նայել է քրեական արդյունքում՝ արդյոք դա բացարկման հիմք է։ Արձանագրել է, որ դե յուրե բացարկման հիմք չէ, և չի զեկուցել այդ մասին։ Մենք դրանում խնդիր տեսնում ենք, և հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից, և հիմա կհանձնարարվի Արսեն Այվազյանին, որ նշանակվել է մոտ տասնհինգ օր առաջ։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որ կվերանայի թե նախկին փաստերը, և կքննի նոր երևան եկած փաստերը»,- ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ անկախ ամեն ինչից ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կառավարությունն ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ։