Սիրելի ջերմուկցիներ, բացեք հանքի ճանապարհը, պետք լինի մենք կփակենք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին։ Նա կրկին նշեց, որ հանքավայրը չի շարունակվի, եթե լինի նվազագույն վտանգ շրջակա միջավայրի՝ օդի, ջրի կամ հողի աղտոտման։ Սակայն, ըստ նրա, այս պահին չկա Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։

«Չունենք Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց չենք կարող անտեսել հանրության բնապահպանական, տնտեսական անհանգստությունները»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքն ուղղակի փակելու տարբերակին ինքը դեմ է։ «Եթե մենք վարվում ենք այդպես, մենք մեր երկրի կառավարման առաջացող, առաջանալիք ռիսկերի կառավարման ղեկը մեր ձեռքից բաց ենք թողնում։ Այդ ղեկը տալիս ենք ուրիշներին, ասում ենք՝ դե դուք քննարկեք, տեսեք՝ ինչ ենք անում»,- ասաց նա։

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը խնդրեց ջերմուկցիներին բացել հանքի ճանապարհները՝ վստահեցնելով․ «Որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք։ Որովհետև դուք ունեք լեգիտիմ կառավարություն, որ եթե տեսնի դրա անհրաժեշտությունը կա, լեգիտիմ, իրավական, բարոյական հիմքերը կան, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով ճանապարհներն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի»։ 
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ բոլորը վստահ են, որ իրենք որևէ կոռուպցիոն, որևէ ստվերային գործարքի չեն գնա, և չեն անի որևէ բան, որ կհակասի Հայաստանի շահերին։ «Ես համոզված եմ, որ մենք այս հարցում կկանգնենք միասնական դիրքերի վրա և այնպիսի սխալներ թույլ չենք տա, որ մեր երկրի համար ստեղծի բարդություններ»,- ասաց նա։