Այդ կոնվենցիաների հետ զգույշ եղեք, պարոն Պողոսյան․ ԱԺ խոսնակը՝ ֆինանսների փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Այդ կոնվենցիաների հետ զգույշ եղեք, պարոն Պողոսյան, Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ հարկերի վճարումից խուսափումը կանխելու եւ եկամուտների եւ ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու համար» կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 9-ին կատակով ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարեց հիմնական զեկուցողի անունը, որը մոտեցել էր ամբիոնին։ Խորհրդարանի նախագահը կատակով ակնարկում էր սկանդալային «Ստամբուլյան կոնվենցիան», որը բուռն քննարկումների տեղիք է տվել հայ հասարակությունում։

Ֆինանսների փոխնախարարն անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ հարկերի վճարումից խուսափումը կանխելու եւ եկամուտների եւ ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու համար» կոնվենցիային՝ ասաց․ «Այս կոնվենցիան հետապնդում է երկու նպատակ։ Առաջինը՝ բացառել եկամուտների եւ ունեցվածքի երկակի հարկումը եւ, դրանով իսկ, նվազեցնել պատնեշների բացասական ազդեցությունը եկամուտների եւ ունեցվածքի, ինչպես նաեւ պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը թույլ կտա նրանց խրախուսել ձեռներեցությունը օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր մրցակցային պայմանների ստեղծման ճանապարհով»։ Երկրորդ նպատակը, փոխնախարարի դիտարկմամբ,  կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտի ստեղծումն է, քանի որ այն առաջնահերթություն ունի ազգային օրենսդրության հանդեպ եւ անհամեմատ ավելի փոքր չափով կարող է ենթարկվել փոփոխությունների, քան ազգային օրենսդրությունը։