Արցախի ընտրությունները հիշեցնում էին հայաստանյան վերջին ընտրությունները․ դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախ

«Ականատես» դիտորդական խումբն ասուլիսով ներկայացրեց Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները։ 

Արցախի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում «Ականատես»-ն արձանագրել է որոշ խախտումներ, սակայն, դիտորդների համոզմամբ, դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

«Ընդհանուր առմամբ, ընտրությունները բավական հանգիստ էին՝ հիշեցնում էին հայաստանյան վերջին ընտրությունները, երբ տեղամասերում մեծամասամբ խաղաղ էր, մարդիկ մեծամասամբ իրենց ընտրությունն էին կատարում»,- հայտարարեց «Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

Խնդիրներ են եղել թեքահարթակների հետ կապված․ սակայն, ըստ Այվազյանի, ի տարբերության հայաստանյան օրենսդրության, նման դեպքերի համար Արցախի օրենսդրությունը քվեարկելու հնարավորություն նախատեսում է։ Որոշ դեպքերում խնդիր է եղել սենյակի կահավորանքը․ որոշ դեպքերում այն հնարավորություն է տվել խախտել գաղտնի քվեարկելու սկզբունքը․ այս խնդիրը մասնակի լուծվել է դիտորդների միջամտությամբ։ Համատարած եղել է վիճակահանության կարգի խախտում։ «Դրանք հիմնականում պայմանավորված են եղել օրենսգրքի կարգերի հետ կապված որոշ անհստակություններով, հանձնաժողովների անդամների համար նախատեսված դասընթացների որոշ թերություններով։ Կարծում ենք, այստեղ օրենսդրությունը կատարելագործման անհրաժեշտություն ունի։ Ակնհայտ էր, որ դա միտումնավոր չի եղել»,- նշեց նա։

Քվեարկության ընթացքը լիովին խաղաղ է եղել օրվա առաջին կեսին, մի փոքր ակտիվացել է օրվա երկրորդ կեսին։ «Մի քանի տեղամասում եղել է հոսանքազրկում, որի պատճառով եղել է գաղտնիության խախտում։ Պատճառաբանվել է, թե դա կապված է եղել նախորդ օրվա անձրևի հետ։ Որոշ տեղամասերում եղել է բաց քվեարկության երևույթ, ոչ՝ համատարած․ սա մեկնաբանվում էր՝ որպես ընտանեկան-մտերմիկ հարաբերություններ։ Ընտրատեղամասերի մոտ քսանհինգ տոկոսում գրանցվել է նաև կողմնակի անձանց առկայություն։ Ճաշի ժամին տեղամասերից բացակայել են հանձնաժողովի անդամների մեծ մասը՝ ընտրատեղամասերում մի պահ, օրինակ, եղել են երեք հոգով։ Շրջիկ դիտորդներից մեկը բացահայտել է, որ տեղամասերից մեկում վստահված անձը ներխուժել է քվեախցիկ, որպեսզի ստուգի, թե արդյոք ընտրողին օգնող անձը այնպես է քվեարկում՝ ինչպես ճիշտ է։ Այդ գործով հաղորդում է ներկայացված ոստիկանություն»,- ասաց նա։ 

Այվազյանը նշեց, որ Մարտունու շրջանի Նոր Շինակ համայնքում հանձնաժողովի նախագահը եղել է ոչ սթափ վիճակում, ամբողջովին բարձիթողի վիճակում են անցել ընտրությունները։ Տեղամասային կենտրոնում եղել է կերուխում թեկնածուների մասնակցությամբ։ «Բերվել է խորոված, քաղցրեղեն, եղել է նաև բռնություն, և այդ տեղամասում աչք է փակվել բազմաթիվ խախտումների վրա»,- պատմեց նա։ 

Նկատված միջադեպերի մասին դիմումները Ականատեսի դիտորդները մինչև օրվա վերջ ներկայացնելու են իրավապահ մարմիններին՝ սպասելով նրանց գնահատականին։ «Բայց մեր կարծիքով դրանք այնպիսի դրվագներ չէին, որ կարող էին ազդել արդյունքների վրա»,- ասաց Այվազյանը։