«Այս ընտրությունները դարձան ևս մեկ կարևոր քայլ»․ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ ևս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»: