Քիմ Քարդաշյանը կրկին կգա Հայաստան․ առիթը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովն է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Քիմ Քարդաշյան

Քիմ-Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է Հայաստանում կայանալիք՝ «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին լուրը հաստատել են «WCIT 2019»-ի կազմակերպիչները։

Քիմ Քարդաշյան-Վեսթը «Գաղափարների շուկա» լիագումար նիստի ժամանակ ելույթ կունենա՝ ներկայացնելով, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը, և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: Ելույթից հետո նախատեսվում է նաև դեմ առ դեմ հարցազրույց։

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ  հայտնել է․

«Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

Հիշեցնենք, որ «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org:

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-ին։