Ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ իմ գործն անում․«Իմ քայլը»-ի անդամը մանդատը վայր է դնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Առաքելյանը հերքեց լուրերն առ այն, որ ինքն ու Արման Բաբաջանյանը ցանկացել են դուրս գալ խմբակցություններից ու անկախ պատգամավորների խումբ ստեղծել:

«Ավելի անհեթեթ և հիմար բան մարդիկ չէին կարող մտածել», - հավելեց նա: Ինչ վերաբերում է  իր մանդատը վայր դնելուն, նա հետևյալ կերպ հիմնավորեց լրագրողներին․

«Կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես և հասկանում, որ այդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներին են լինում, որ ավելի վաղ չես կայացրել այդ որոշումը: Օրինակ, չես կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք ծանր կտանեի մինչև պատգամավոր դառնալը: Չես կարող ցինիզմով վերաբերվել ու ասել՝ լավ, կանցնի կգնա»:

Իշխող խմբակցության անդամը տարաձայնություններին նորմալ է վերաբերվում, բայց եթե դրանք  պարբերաբար են, դրանց «հետևանքները մեղմ ասած դրական չեն լինում»:

«Անընդհատ պատասխանատվություն կրել որոշումների համար, որոնց հետ համաձայն չես... եթե սա տևական ժամանակ է լինում, դա հոգեկան տառապանքների է մարդուն բերում: Ես չեմ չափազանցնում: Ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել: Ես չեմ կարողանում թեթև նայել», - խոստովանեց Առաքելյանը՝ հավաստիացնելով, որ մանդատը վերցնելիս վստահ է եղել, որ կկարողանա իրականցնել այն առաքելությունը, որի համար գալիս է․

«Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, գնում են կոմֆորտ զգալու, դժբախտ սրտով առաքելության չեն գնում, իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությունն անում: Պարոն Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է, այո, սա մեծ հաշվով փախուստ է»:

Զուգահեռելով՝ նա նկատեց, որ IT ոլորտում ավելի շատ բան ունի անելու, որովհետև այստեղ ինչ որ անի, անելու է «վառվռուն աչքերով և երջանիկ սրտով, ոչ թե դժբախտ սրտով»: