Unibank

Unibank Mobile

Սփյուռքի համայնքներում հայրենադարձությանը նպաստող ՀԿ-ներ ստեղծել․ առաջարկ՝ Սինանյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպել է մի շարք հայ ուսանողների հետ:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:  Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ամփոփեց Ռուսաստան նախորդ այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպման արդյունքները, նշեց գրասենյակի աշխատանքներին սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին:

Գրասենյակն արդեն փորձնակներ է ունեցել Կանադայից ու Լիբանանից, այժմ փորձառություն են անցնում ևս երկու երիտասարդներ՝ Ռուսաստանից և դարձյալ Կանադայից: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է սփյուռքի քարտեզագրման աշխատանքների ընթացքի մասին, ներկաներից շատերը պատրաստակամություն են հայտնել աջակցել տվյալների հավաքագրման աշխատանքներին:

Անդրադարձ կատարվել է նաև պետական համակարգում սփյուռքահայերի ներգրավման ընթացակարգում առկա օրենսդրական խոչընդոտներին: Գլխավոր հանձնակատարը նշել է՝ մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքները, և երկիրը ոչ միայն օրենսդրորեն, այլև իր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի հայրենադարձության:

«Պետությունը պետք է  հնարավորություն տա իր հայրենակիցներին Հայաստանում ապրել, կայանալ, աշխատել, ներուժը ներդնել հայրենիքում»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Երիտասարդ ուսանողները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի լավագույն կրթական հաստատությունները, ուրախությամբ ընդգծեցին, որ իրենց գործունեության ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձնում են  հայրենադարձությանը, սակայն բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի հնարավորությունների, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների մասին:

Նրանք նշել են, որ իրենց մի մասը պատրաստ է վերադառնալ, աշխատել հայրենիքում, և առաջարկեցին առաջիկայում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հարթակներ ստեղծել: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ շուտով հասանելի կլինի գրասենյակի կայքը, որը լինելու է հագեցած ու մատչելի տեղեկատվությամբ և նորարարական բազմաթիվ հնարավորություններով: 

Հայ երիտասարդներն առաջարկել են նաև տարբեր համայնքներում հայրենադարձությանը նպաստող հասարակական կազմակերպություններ ստեղծել՝ օգտագործելով հատկապես երիտասարդների ներուժը: Նրանք կարևորել են համահայկական ուսանողական հավաքների անցկացումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս