Փողոցները մաքրելու են մեքենա-փոշեկուլներով․ մաքրվելու են նաև բակային տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Սանիթեք»-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարվել են զրոյի, բանակցություններ ևս չկան․ սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու նիստում այս մասին հաղորդեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ «Սանիթեք»-ն արդեն տասն օր է, ինչ դադարեցրել է Երևանի աղբահանության սանմաքրման բոլոր աշխատանքները, և փաստացի այդ աշխատանքներն իրականացնում է Երևանի սանմաքրման հիմնարկը, որը նման գործառույթների իրականացման համար ոչ բավարար ռեսուրսների է տիրապետում։  

Հայկ Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում էր Երևանի սանմաքրման հիմնարկի հաստիքացուցակը համալրել նոր հաստիքակազմով՝ հավաքարարներ, բանվորներ, վարորդներ․ ընդհանուր հաստիքացուցակում՝ 647 միավոր, ամսական բյուջեն՝ 161 մլն դրամ։ 

Նրա խոսքով՝ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Երևանի մաքրությանը հատկացված գումարի չափը չի գերազանցելու նախորդ տարիների բյուջեով «Սանիթեք»-ին տրված չափին՝ լինելու է շուրջ 5․2 մլրդ դրամ, սակայն նույն գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի քանի անգամ ավելի լավ աշխատանք։ «Փողոցների սանմաքրումը իրականացվելու է մեքենա-փոշեկուլներով․ դրանց ՕԳԳ-ն մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան հավաքարարներինը։ Հավաքարարները իրականացնելու են բակային տարածքների սանմաքրումը»,- նշեց Հայկ Սարգսյանը։ 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն են, որ ուղղորդված լինելով իրենց տնօրինության կողմից՝ բողոքում են․ «Նրանք բառացի ասացին, որ տնօրենն ասել է՝ քաղաքապետարանը չի տալիս ձեր աշխատավարձները, գնացեք, բողոքեք․ սրանից ավելի լավ, էլ ինչ ուղղորդում»։ Քաղաքապետն ասաց, որ այս ամիսների ընթացքում «Սանիթեք»-ը բազմիցս փորձել է աշխատակիցների միջոցով ճնշում գործադրել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news