Խցանումից խուսափելու համար վթարից հետո քաղաքացիները կարող են ստանձնել ՃՈ-ի դեր․ նախագիծ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ, ըստ նախագծի, ՃՏՊ-ի դեպքում, եթե պատահարի վայրում տեսահսկման խցիկ լինի, որը գրանցել է միջադեպը, վարորդն այլևս ստիպված չի լինի սպասել ՃՈ աշխատակիցներին եւ ապահովագրողներին։ Քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի իրականացնել ՃՈ պատասխանատվության տակ մտնող մի շարք գործողություններ նաև էլեկտրոնային տարբերակով։

«Եթե վթարի վայրի հարեւանությամբ տեսահսկման խցիկ լինի, ապա մասնագետները ՃՏՊ-ի մասին տեսանյութը կուղարկեն ապահովագրական գործակալություններ, իսկ վարորդները կկարողանան մեքենաները հանել բանուկ մասից՝ դրանով իսկ կանխելով խցանումները ճանապարհներին»,- ասել է Քոչարյանը։

Փոխոստիկանապետը նաև նշել է, որ այս ամբողջ գործընթացի թեթևացման համար տեսախցիկների թիվը կարող է ավելացվել, բայց ոչ թե խախտումներն ամրագրելու, այլ ճանապարհներին անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ Քոչարյանի՝ նախագծի համաձայն՝ Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ չի առգրավի համարները։ Դրա փոխարեն փոխադրամիջոցի շահագործումը կարգելվի գրանցման փաստաթղթի առգրավմամբ, ինչից հետո կտրվի փաստաթուղթ, որի գործողությունը կսահմանվի 10 օր, բայց պայմանով, եթե այդ ընթացքում վերացվեն բոլոր նախկին խախտումները։