Կրակոցներ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և ավտոմեքենայով հեռացել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ կրակված պարկուճ։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներ արձակողը Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանն է, որը կրակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից։ Վերջինս հայտնաբերվել է Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և բերման ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:

Աղբյուրի տեղեություններով՝ Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը, իսկ նրա հարազատները, ովքեր գոնե կանխեին և թույլ չտային, որպեսզի նա նման գործողություններ կատարի, ոստիկաններին մեղադրում էին, ասելով. «Տղայա, կրակել ա, դրա համար բա մարդուն կտանե՞ն քաղմաս»: