ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Սեպտեմբերի 11-ին շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է գործով վկա, մայր գործից անջատված մասով քննվող գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը՝ հայտարարելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հրաժարվում է ցուցմունք տալ, հրաժարվում է հարցերի պատասխանել: Սակայն մեղադրող դատախազը վկային պարզաբանել է, որ իրեն դատարան հրավիրելու հիմքն ամբաստանյալ Պավել Մանուկյանի այն ցուցմունքն է, համաձայն որի՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանին պատահական կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը և դրան ականատես է եղել Արմեն Լամբարյանը:
Դատական նիստի ժամանակ Պավել Մանուկյանն Արմեն Լամբարյանին հարցրել է՝ իրեն համարո՞ւմ է «Սասնա ծուռ», ինչին վկան հարցով է արձագանքել՝ իսկ դո՞ւ, ապամիայն նշել, որ Արմեն Բիլյանը սպանության վայրում չի եղել։
Վկան հրաժարվել է պատասխանել նաև սպանված Գագիկ Մկրտչյանի այրու՝ Հասմիկ Ոսկանյանի հարցերին։ Նա Արմեն Լամբարյանին հարցրել է՝ ո՞վ է սպանել ամուսնուն։ Լամբարյանն ասել է, որ այդ սենյակում շատ ոստիկաններ են եղել, և ինքը դա չի հիշում։
«Ինչու չե՞ք հիշում, 27 օր էնտեղ քեֆ եք արել, խոսքն իմ ամուսնու կյանքի մասին է, և ես ուզում եմ իմանալ, թե ով է մեղավոր նրա մահվան համար։ Դուք եկել եք էստեղ Արմեն Բիլյանին եք պաշտպանում, չեք ուզում պատասխանել հարցերին, որ մեր խիղճն էլ հանգիստ լինի»,–ասել է տուժողի այրին։
Դատարանի հարցին՝ այդ դեպքում ու՞մ ուղղեն հարցերը, որ պատասխան ստանան, վկան պատասխանել է․ «Գասպարյան Վովային, Սերժ Սարգսյանին, իրենք հստակ գիտեն՝ ոնց ա եղել»։
Վկայի հարցաքննության ժամանակ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը վեր է կացել տեղից և լքել դատարանի դահլիճը՝ չցանկա լսել Լամբարյանին:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու համար մեղադրվում է 32 անձ: Դատարանը քննում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրգործերը։