Մտնենք տափակ քննարկման մե՞ջ․ Միրզոյանը՝ ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանը Ամուլսարի հանքի վերաբերյալ բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշեց, որ խնդրի բովանդակային քննարկման մեջ չի մտնելու։ 

«Ես մանրամասն ծանոթ եմ բոլոր մտահոգություններին, բազմաթիվ մտահոգություններ համարում եմ անտեղի, մի մասն էլ կիսում եմ, ընթացակարգը պիտի տեսնենք չէ՞, կարող եք համարել, որ խուսափեցի հարց ու պատասխանից», - հավելեց Միրզոյանը։ 

ԱԺ նախագահը նկատեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները կարող են երթը սկսել ԱԺ-ից, այնուհետև հավելեց, որ Ազգային Ժողովը հատուկ պահպանման օբյեկտ է համարվում։ 

«Գոյություն ունի իրավական ակտ, որտեղ ասվում է, որ մարդիկ կարող են պլակատներով ակցիաներ անել, ես էլ եմ էդ ճանապարհը անցել, գիտեմ՝ որն է ակցիան, որը՝ չէ», - ասաց Արարատ Միրզոյանը։ 

Անդրադառնալով բնապահպան Անի Խաչատրյանի այն դիտարկմանը, որ Ամուլսարի հարցի վերաբերյալ որոշումներով ոտնահարվում է հեղափոխության գաղափարները, անտեսվում է ժողովրդի կամքը՝ Միրզոյանը նշեց, որ սխալ պնդում է դա, այնուհետև հավելեց․ 

«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ, թե որն ա մեծ մասի ուզածը, չափելի ա, չափելի չի, իմ ասածը թերևս ոչ թե ձեզ է վերաբերվում, այլ նրան, թե ինչպիսի դիսկուրս կարող էր ձևավորվել», - նկատեց Միրզոյանը։