Բարձրարժեք գույքահարկը բարձրացնելու օրինագիծն ընդունվեց․ ո՞վ առիթ ունի «անհանգստանալու»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Մանե

ԱԺ-ն 1-ջին ընթերցմամբ ընդունել է բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելուն ուղղված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, վարման կարգով ելույթի իրավունք է խնդրել՝ հայտարարելով, որ իրենց խմբակցության անդամները դեմ են այս օրինագծին, բայց հետագա շահարկումներից խուսափելու համար կողմ կքվեարկեն։

«Տնտեսական հարցերի հանձնաժողովում մեր պատգամավորները քվեարկել են դեմ և ճիշտ են արել, որովհետև օրենքը բացարձակապես թերի է։ Այն լուծում է ընդամենը թիրախային խնդիրներ։ Այդուհանդերձ, խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են այն հնարավոր շահարկումները, որոնք կարող են լինել։ «Բարգավաճ Հայաստանը» քվեարկում է կողմ։ Ընդամենը, հարգելի՛ հայրենակիցներ, Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը», - հայտարարել է Զոհրաբյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկել է հետաձգել օրենքի ընդունումը, ճշգրտել՝ արդյոք այն հակասություններ ունի՞ ՀՀ Սահմանադրության հետ, խմբագրումներ կատարել և հետո միայն ընդունել այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականին։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ մինչև 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածը կարելի է ճշտել՝ կա՞ն հակասություններ Սահմանադրության հետ։

«Եթե կլինի շտկելու կարիք, կշտկենք։ Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանը, ապա կարող եմ ասել՝ շատ լավ օրենք է ու այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն գույքի խոշոր սեփականատերերը, որոնք այս պահին արդարացի մակարդակից քիչ են հարկվում ու դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր», - հայտարարել է Թունյանը։