ՌԴ-ում օտարերկրյա համարանիշով խախտում կատարողները կտուգանվեն․ հայերը 2-րդ տեղում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

մեքենաներ

Մշակում են համակարգ, որը թույլ կտա ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանել օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների վարորդներին՝ ՆԳՆ-ն, տրանսպորտի, արդարադատության նախարարությունները, Դաշնային մաքսային ծառայությունը եւ ԱԴԾ-ն կառավարության հանձնարարականով։ Այժմ նրանց «երջանկության նամակ» ուղարկել գրեթե անհնար է. անհրաժեշտ տվյլաներ չկան։ Մոսկվայում կարգախախտների մեջ առաջատարն են ուկրաինացիները։ «Կոմերսանտի» տվյալներով՝ մայրաքաղաքի իշխանությունները եւ պետավտոտեսուչներն արդեն լուծումը գտել են. տեսուչները, ստանալով խախտողների ցուցակը, կկանգնեցնեն մեքենաները, կստուգեն ու կձեւակերպեն ղեկին գտնվող վարորդի հանդեպ մինչ այդ կայացված որոշումները։

Փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը հանձնարարել է ՆԳՆ-ին, տրանսպորտի, արդարադատության  նախարարություններին, Դաշնային մաքսային ծառայությանն ու ԱԴԾ-ին, Մոսկվայի կառավարությանը, Ռոստրանսնադզորին եւ Ռուսաստանի ավտոապահովագրողների միությանը մինչեւ հոկտեմբերի 15-ը պատրաստել եւ կառավարություն ներկայացնել գործողությունների պլան («ճանապարհային քարտեզ») ՃՏ կանոնները խախտած եւ պատասխանատվությունից խուսափած օտարերկրացի վարորդներին պատժելու համակարգի ստեղծման մասին։ Հանձնարարությունն ամրացված է ճանապարհային երթեւեկության անվտանգության կառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ։ Ակիմովի ներկայացուցիչը «Կոմերսանտին» հաստատել է այս փաստը։

Օտարերկրացի վարորդներին պատժելու խնդիրը քննարկվում է արդեն երկար տարիներ, բայց արդյունավետ լուծում դեռ չի գտնվել։ Խնդիրն ամենից սուր է Մոսկվայում։

Անցած մեկուկես տարում  քաղաքում արձանագրվել է 1,86 մլն խախտում, որոնք կատարվել են օտարերկացի վարորդների կողմից (մայրաքաղաքի կառավարության տվյալներով)։ Միեւնույն ժամանակ, հաջողվել է կայացնել միայն 28,8 հազար որոշում, մնացած դեպքերում (խախտումների ընդհանուր թվի ավելի քան 98 տոկոսը) ավտոմեքենաների տերերի մասին տվյալներ չեն եղել։ Ամենից շատ խախտումներ կատարել են ուկրաինական համարներով մեքենաները (24 հազար մեքենա), հայկականները (1,75 հազար) եւ մոլդավականները (1,47 հազար)։ Թոփ տասնյակում են նաեւ բուլղարական, վրացական, գերմանական, լատվիական, ադրբեջանական գրանցմամբ մեքենաները։ Դաշնային մաքսային ծառայության տվյալները հաճախ լրիվ չեն, դրանք օգտագործել չի ստացվում։ Իսկ եթե կարգախախտը եկել է Բելառուսից կամ Ղազախստանից, ապա սահմանը հատելիս ավտոտիրոջ մասին տվյալները չեն գրանցվում։ 2018-ից գործում է միջկառավարական համաձայնագիր Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ կարգախախտների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, բայց տեղեկատվական փոխանակման արձանագրություն չկա։

Օտարերկրացիներին պատժելու խնդիրը քննարկվել է Պետխորհրդի երթեւեկության անվտանգության վերաբերյալ նիստի ընթացքում, այս տարվա հունիսին։ Դրա արդյունքների հիման վրա Վլադիմր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը «միջոցներ ձեռնարկել օտարերկրյա քաղաքացիներին եւ օտարերկրյա փոխադրողներին պատժի անշրջելիությունն ապահովելու համար»։

«Ъ»-ի տեղեկություններով՝ մոսկովյան իշխանությունները եւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությունը որպես ժամանակավոր լուծում այսպիսի սխեմա են ստեղծել: Ճանապարհային երթեւեկության կազմակերպման մայրաքաղաքային կենտրոնը, խցիկների տվյալներն օգտագործելով, կկազմի արտասահմանյան համարանիշերով ամենաչարամիտ խախտողների ցուցակը: Տվյալները կփոխանցվեն Ճանապարհապարեկային ծառայությանը, որը մեքենան կկանգնեցնի փաստաթղթերի ստուգման համար: Եթե վարորդը խոստովանի կատարած խախտումները, կտեղափոխվի Մոսկվայի Պետտեսչություն, որտեղ նրա անվամբ կձեւակերպվեն վերջին 2 ամսվա ընթացքում հայտնաբերված բոլոր որոշումները (2  ամիսը վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն է): Հիշեցնենք, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխել է թույլ տալիս Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը:

Սեփականատիրոջ մասին տեղեկությունները մտնում են տվյալների բազա, որ հետո որոշումներ կայացվեն ավտոմատ: «Ъ»-ի տեղեկություններով՝ այս մեխանիզմը կսկսեն թեստավորել առաջիկայում, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ մի շարք այլ տարածքներում:

Հետագայում պետք է տեղի ունենա ՆԳՆ, Դաշնային մաքսային ծառայության, ԱԴԾ, Ռոստրանսնադզորի եւ այլ գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի ինտեգրացիան՝ վարորդների մասին տեղեկություններ հավաքելու համար, սակայն առայժմ ոչ ոք չի կարող հայտնել ստույգ ժամկետները: