«Թող մեկն ինձ պատասխանի՝ ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսելու»․ թեժ քննարկում՝ գործադիրում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Կառավարությունը հերթական նիստին ընդունել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը ներկայացրնելիս ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով:

«Մատչելի դարձնել հանցագործությունների քննությունների ժամանակ, կասկածյալից ու մեղադրյալից բացի, այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից»,-ասել է փոխնախարարը, ապա հավելել, որ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս թեման երկար և բարդ քննարկվել է, և կան եղել բազմաթիվ մտավախություններ:

«Կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ: Ես կոնկրետ ասեմ, որ այս ընթացքում մենք ունեցել են դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական «պրետենզիաներ» չկան, այդ գույքը վաճառվել է և իմացել ենք, որ այդ գույքի գումարը ՀՀ-ից հանվել է դուրս»,-ասել է փոխնախարարը և նշել, որ դա իմացել են, սակայն օրենսդրությամբ առկա են սահմանափակումներ այդ ամենը կանխելու համար:

«Կա՛մ մենք պետք է  կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կա՛մ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,-ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատել է՝ ստացվում է՝ նպաստում են գործարքի կանխիկ կատարմանը, իսկ վարչապետն ասաց, որ դրան շատ պարզ բացահայտում կա. պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն բեռնատարը, որով տեղափոխվում է այդ գումարը, իսկ եթե բազմոցի տակ պահած է, դա ավելի հեշտ է. կարելի է գնալ և խուզարկությամբ գտնել:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարծում, թե սրա արդյունքում կսկսեն կանխիկն ավելի շատ կիրառել:

«Մենք նախորդ տարվանից սահմանել ենք կանխիկ գործարքների սահմանափակում, իսկ պաշտոնատար անձանց համար ավելի ցածր շեմ է սահմանված»,- ասել է նա և պարզաբանել, որ այս փոփոխությունը ընդամենն այն է, որ կասկածյալից բացի բանկային գաղտնիքը կարող են ստանալ կասկածյալի հետ փոխկապակցած մարդկանց:

Շարունակելով ներկայացնել իր մտահոգությունը՝ Մհեր Գրիգորյանն ասել է․ «Կներեք, պարո՛ն վարչապետ, բայց մինչև վերջ պետք է փորձեմ այնպես անել, որ զգույշ լինենք, որովհետև շատ վտանգավոր կարող է լինել։ Մի քիչ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հռետորիկան չի վկայում, որ զգույշ ենք, որովհետև կա 15 հոդված բանկային գաղտնիքի մասին, որը հստակ նկարագրում է, որ հարակից տեղեկությունը համարվում է այլ հաճախորդի մասին տեղեկություն։ Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պետք  է զգույշ լինել, քանի որ սրա նպատակը իրավապահ մարմինների աշխատանքը հեշտացնելը չէ»:

Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ գաղտնալսման համար որոշակի ընթացակարգ պետք է պահպանել․ «Եթե ինձ չեք ուզում գաղտնալսել, իսկ մեկ այլին ուզում եք, կամ իրավական պրոցեսը այնպես չէ, որ ինձ կարելի է գաղտնալսել, թող մեկը ինձ պատասխանի՝ ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսել»։

Վարչապետն ասել է, որ դրա ամբողջ իմաստն այն է, որ իմանան, թե գաղտնալսողը ում և ինչ է ասում․ «Հակառակ դեպքում, հո գեղագիտական հաճույքի համար չենք գաղտնալսում»։

Մհեր Գրիգորյանն ասլ է, որ գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ և բարդ իրավական գործընթաց, ապա հավելել, որ եթե գաղտնալսումը, հենց այնպես, որպես ապացույց ներկայացնեն, բոլոր գործերը կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և կպարտվենք: Վարչապետը նկատել է. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասալ է, որ փոխվարչապետի մտահոգությունը հասկանալի է և կատակով նշել. «Եթե, օրինակ, Բեն Լադենը գնար մի տեղ և ինչ-որ ճաշարանում ճաշ պատվիրեր, ուտեր, դա չի նշանակում, որ մնացած հաճախորդների հաշիվները պետք է բացվեին»: