Երբ Ադրբեջանը ունենա հնարավորություն զենքի ուժով Արցախի խնդիրը լուծելու՝ գնալու է դրան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

արայիկ հարությունյան Արցախ

Սեպտեմբերի 12-ին, Սլավոնական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին՝ ասելով, որ 2016-ին ապրիլյան պատերազմը շուտ ավարտվեց, որովհետեւ Ադրբեջանը չուներ այդ ֆինանսական ռեսուրսները, այդ տնտեսական հիմքը երկարաժամկետ պատերազմի գնալու համար, այնուհետև հավելեց, որ այդ հարցում այլ դիրքորոշումների հետ համաձայն չէ:

«Երբ Ադրբեջանն ունենա առավելություն, ունենա հնարավորություն զենքի ուժով խնդիրը լուծելու, գնալու է դրան: Պատասխանը մեկն է. պետք է ապահովել տնտեսական աճ, մեծացնել բյուջեն, դրա արդյունքում ամրապնդել բանակն ու սպառազինությունը»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Արցախն առաջ է անցել Հայաստանից, քանի որ իրենց հաջողվել է վերջին 12 տարիներին ապահովել տարեկան 10 եւ ավելի տոկոս տնտեսական աճ. «Այդ ցուցանիշով մոտեցել ենք Ադրբեջանին. «Արցախի բյուջեն մեկ շնչի հաշվով 1500 դոլար է, Ադրբեջանինը՝ 1400 դոլար»: