Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

.

Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։

«Իմ ասելիքը թաքնված է այս տողերի սկզբնատառերում», -ասել էր Ինջեն՝ հրապարակելով իր ելույթը։ Իսկ այդ տեքստի պարբերությունների առաջին տառերով  հեղինակն ակրոստիքոսի սկզբունքով գրել էր «Գող Էրդողան» (Hırsız Erdoğan)։

Տեքստի հրապարակումից հետո Բարըշ Ինջեի դեմ նույն մեղադրանքով երկրոդ գործն էր հարուցվել, որի շրջանակներում դատարանը լրագրողին մեղավոր էր ճանաչել։ Ինջեն բողոքարկել էր վճիռը, ինչից հետո վճռաբեկ դատարանը չեղարկել էր այն և նոր լսումներ նշանակել։ Սեպտեմբերի 12-ին գործով կայացած վերջին նիստի ժամանակ դատարանը դարձյալ Ինջեին մեղավոր է ճանաչել՝ նրան դատապարտելով գրեթե 1 տարվա ազատազրկման։

Հայտնի է սակայն, որ վճիռի իրագործումը պայմանականորեն հետաձգվել է։