«Սիրելի՛ կենդանիներ»․ Զոհրաբյանը՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանին են ներկայացրել մի նախագիծ, որը քրեորեն պատժելի է դարձնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Նախագիծը ներկայացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթն սկսելով «հարգելի գործընկերներ, հայրենակիցներ և սիրելի կենդանիներ...» արտահայտություններով։

Պատգամավորն ասել է, որ գործող կարգով կենդանու դեմ դաժան վերաբերմունքը պատժվում է չնչին տուգանքով։ Ավելին, պատգամավորը տեղեկացրել է, որ, ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ տուգանքով պատասխանատվության որևէ անձ չի ենթարկվել։ Զոհրաբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել և այնտեղ ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով, իսկ տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, օրինակ՝ կենդանուն խեղել, մասնատել, թունավորել, փորձարկել, ողջ վիճակում անդամահատել, մաշկահանել, կենդանուն բարձրությունից նետել, մարտեր կազմակերպել ու անցկացնել, պատգամավորն առաջարկում է  սահմանել  տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, ըստ օրինագծի, պետք է պատժել նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։

«Ես հորդորում եմ կողմ քվեարկել այս նախագծին։ Այն դաժան վերաբերմունքը, որ մենք տեսնում ենք կենդանիների հանդեպ ... ինչո՞ւ նախկինում այսքան էմոցիոնալ չէինք արձագանքում, միգուցե սոցիալական ցանցերը որ չկային, մենք չէինք տեսնում այդ դաժանությունները։ Տարիներ շարունակ այդ մասին բոլոր ահազանգերը ձայն բարբառո անապատի էին։ Հիմա կա հնարավորություն բռնել այդ սադիստների ձեռքը», - ասե; է Զոհրաբյանը։