Գրպանահատության համար մինչև 2 տարի ազատազրկում. օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 13, 24News

գրպանահատություն

Հասարակական տրանսպորտում ու փողոցներում հաճախակի դարձած գրպանահատության դեմ օրինագիծը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով։

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքում գրպանահատությունը սահմանող դրույթը հետևյալ բովանդակությունն է ունենալու՝ «Անձի մոտ գտնվող իրերի գողությունը կամ գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից՝ այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից»։

Վարդապետյանի ներկայացմամբ շատ երկրներում գրպանահատությունը քրեականացված է։ Նրա փոխանցած տվյալների համաձայն, եղել են դեպքեր, երբ Հայաստանում միևնույն անձի նկատմամբ առավելապես գրպանահատության եղանակով կատարված գողության հատկանիշներով 2015-2018 թթ. փետրվար ամսվա դրությամբ 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել և դրանից միայն մեկ դեպքում է անձը դատապարտվել տուգանքի, մեկ դեպքում էլ քրեական գործը կարճվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտության կնքման հիմքով։ Մնացած դեպքերում քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բացակայության պատճառով։
Քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Քրեական օրենսգրքով այժմ գրպանահատության դեպքերը համարվում են մասնավոր դեպքեր և եթե լինի տուժողի դիմում, ապա դրան ընթացք կտրվի։

«Իրավապահների մտավախությունն այն է, որ տուժողները որպես կանոն, հետևողական չեն վարույթների նկատմամբ, շատ հաճախ գումարի չափը նրանց ստիպում է հետ կանգնել քաշքշուկից։ Այս նախագծով մենք գրպանահատության դեպքերը քրեականացնում ենք՝ բերելով հանրային մեղադրանքի տիրույթ, որտեղ պետությունն է վարույթ հարուցում և անկախ տուժողի հետ հաշտության դեպքերից, վարույթը շարունակվելու է ըստ կարգի», - ներկայացրեց փոխնախարարը։

Գրպանահատության համար կառավարությունն առաջարկում է պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատակի չափով կամ՝ կալանքով՝ 1-2 ամիս, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագուննը երկու տարի ժամկետով։