ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ մամուլի քարտուղարը նկատեց, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության եւ ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա և հայկական կողմը կշարունակի հետեւողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար։

Նախօրեին Երեւանում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ համագործակցության հնարավորության մասին հնչեցրած կարծիքի վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ գոյություն ունի կազմակերպության կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են չափորոշիչներն ու պահանջները, որոնք ներկայացվում են դիտորդների եւ գործընկերների թեկնածուներին։ Երկու դեպքում էլ թեկնածու երկիրը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ, ձգտի նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ երկրորդ դեպքում չունենա հակամարտություններ անդամ երկրների հետ։

«Ցանկացած պարագայում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Առանց Հայաստանի համաձայնության նշված բոլոր կարծիքները կարծիք են մնում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։