Սկսում ենք Հայկ Մարությանին իմփիչմենթ հայտնելու գործընթացը․ Սոնա Աղեկյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Սոնա

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը հայտարարել է, որ թիմի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճնշումների, նույնիսկ իր տան մոտ ոստիկանության օպերլիազորները հսկողություն են իրականացնում և այդ մասին զեկուցում համապատասխան անձանց: 

«Շենգավիթի վարչական շրջանի 26-ամյա ղեկավարը մասնակցում էր ինձ բերման ենթարկելու օպերացիային: Ինձ ապօրինաբար տարան ոստիկանության բաժին, 3 ժամից ավելի պահեցին, ես վերցրել եմ փաստաթղթերը, որ զեկուցագրում ամեն ինչ գրված է, այդ ամենը սուտ է, և ես դիմելու եմ Եվրոպական դատարան»,-ասել է Սոնա Աղեկյանը, ապա  հրշեցրել, որ իրեն դատի է տվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հայկ Մարությանը պարզել է, որ ունի արժանապատվություն, և դա, ըստ նրա, արժե 2 մլն դրամ: Նա շատ լավ գիտի, որ ես իմ խնամքի տակ ունեմ երկու անչափահաս երեխա, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայր, ինքը ֆինանսապես ցանկանում է ինձ ճնշել, որ լռեցնի, բայց չի կարող: Քանի որ շարժական և անշարժ գույք չունեմ, որի վրա հնարավոր լինի բռնագանձումը տարածել, երեկ հասկացա, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է գույքագրում կատարի՝ երեխաներիս ու մայրիկիս հագուստը գա, գնահատի, որպեսզի փոխհատուցեն Հայկ Մարությանի արժանապատվության երկու միլիոն դրամը»,-ասել է Սոնա Աղեկյանը և դիմել քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Իմ զգեստներից մի քանիսը, որոնք համապատասխանեն ձեզ, ձեր չափսերին, ես դրանք առանձնացրել եմ: Իմ ներքնազգեստները, որ ժանյակավոր են հատուկ ձեզ համար, դուք դա սիրում եք այդպիսիք կրել, կարմիր շրթներկեր ունեմ: Դրանք բոլորը կներկայացնեմ ձեզ», -ասել է  Աղեկյանը և հայտարարել, որ սկսում են Հայկ Մարությանին իմփիչմենթ՝ անվստահություն հայտնելու գործընթացը: