Գեղարդի վանական համալիրում կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որն անց է կացվելու Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Համերգին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլոք»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ համերգին հրավիրված են մի քանի հարյուր բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:

«Այս համերգը նաև եզակի հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու Հայաստանի մշակութաին ժառանգությունը, այլ նաև ցույց տալու, թե Հայաստանի արվեստում ինչ նոր միտումներ կան»,- եզրափակեց Նաղդալյանը: